Մեկօրյա ուղևորության ուղեցույց․ Լոռի

Մեկօրյա ուղևորության ուղեցույց․ Լոռի

Հայաստանը արդեն շատերին է հասցրել զարմացնել իր գեղեցկությամբ և բազմազանությամբ։ Այնպես որ անգամ փակ սահմանների պայմաններում խոստանում ենք, որ կհասցնեք համալրել բազմաթիվ լավ հիշողությունների ու արկածների պաշարը։ Դե ինչ, այս շաբաթ էլ առաջարկում ենք ուղեցույց դեպի Լոռի։ 

 

Երկիր՝ Հայաստան 

 

Քարտեզ՝

 

Երթուղու երկարություն՝ 395 կմ

 

Խորհուրդներ՝ արևահարումից խուսափելու համար կրեք գլխարկ և օգտագործեք արևապաշտպան կրեմ

 

Անվտանգություն՝ բարձր խոտածածկ տարածքներում զգուշացեք օձերից

 

Այցելության լավագույն ժամանակահատված ՝ ապրիլի 15-ից հոկտեմբերի 30

 

Ուղևորությունը կարող եք սկսել առավոտյան ժամը 8-ին ։ Ծովեր լճի ճանապարհին կտեսնեք COAF-ը , որը ապահովում է գյուղական համայնքների զարգացումը կրթության, առողջապահության, տնտեսական զարգացման և գյուղական կյանքի բարելավման շնորհիվ։ Այս տարածաշրջանում բնակվող մանուկները, բացահայտելով ու կիրառելով իրենց ողջ ներուժը, ներդրում են ունենում իրենց շրջապատող աշխարհի զարգացման մեջ։

 

 

Այստեղ է գտնվում նաև Concept Hotel By COAF- ը (տեղեկություն կարող եք ստանալ այստեղ), որտեղ կարող եք գիշերակաց կազմակերպել։ Հետո ճանապարհը կարող եք շարունակել դեպի Ծովեր լիճ։

 

1 Ծովեր լիճ

Ծովեր լիճը գտնվում է Դսեղ գյուղից 3 կմ հեռավորության վրա: Այն համարվում է Լոռվա մարզի ամենատեսարժան ու գողտրիկ վայրերից մեկը։ Դեպի Ծովեր լիճ տանում է արահետ, որով կարող եք քայլարշավել կամ հասնել Ջիպ մեքենայով ։ Այստեղ կարող եք ունենալ վայրի վրանային գիշերակաց և հանգստանալ։

 

 

Հետո կարող եք ուղևորությունը շարունակել դեպի Օձուն ։

 

2 Օձուն

Օձուն գյուղը գտնվում է Դեբեդ գետի ձախ կողմում՝ ծովի մակերևույթից 1125 մ բարձրության վրա։ Օձունի տարածքը հարուստ է պատմաճարտարապետական տարբեր հուշարձաններով՝ եկեղեցիներ, վանական համալիրներ, մատուռներ, կոթողներ, խաչքարեր, ժայռափոր անձավներ, հին բնակատեղիներ, ժողովրդական ճարտարապետության նմուշներ։ Դրանցից առանձնանում է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից՝ Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին։ Այն գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում։ Արևելքից արևմուտք ձգված ուղանկյուն հատակագծով գմբեթավոր բազիլիկ է (20,71×31,62 մ արտաքին չափերով)՝ կիսաշրջանաձև խորանին կից երկհարկ ավանդատներով, արտաքին կամարաշար սրահով։ 

 

 

Այս հոյակերտ շինությունով հիանալուց հետո կարող եք ճանապարհը շարունակել դեպի Օձունի բազմաթիվ հյուրատներից մեկը , որտեղ կարող եք անցկացնել գիշերակացը։ Դրանցից են ՝ ASI Guest houseParvana Guest hauseOdzun Guest House ։ Քիչ ժամանակ ունենալու դեպքում այս հյուրատներում կարող եք պարզապես ճաշել և հանգստանալ՝ նախապես պատվիրելու դեպքում։ Հետո ճանապարհը կարող եք շարունակել դեպի Սանահին։

 

3 Սանահին

Սանահինի վանքային համալիրը միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն է Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում , Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա։

 

 

Սանահին գյուղում է գտնվում նաև Միկոյանների տուն-թանգարանը։ Թանգարանի բացման օրը Մոսկվայից թանգարան են բերվել ամենաազդեցիկ երկու ցուցադրանմուշները՝ ՄԻԳ ինքնաթիռը և Արտեմ Միկոյանի ծառայողական մեքենան։ Տուն-թանգարանը տարիների ընթացքում հարստացվել է նաև այլ ցուցադրանմուշներով։

 

 

Սանահինից ճանապարհը կարող եք շարունակել Ալավերդիով դեպի Հաղպատ։ Տեղեկացնենք նաև , որ Ալավերդիի ճանապարհը այս պահին կառուցվում է և կարող են անհարմարություններ առաջանալ։ Կա նաև Սանահինից Հաղպատ տանող քայլուղի, որը կարող եք անցնել տեղացի ուղեկցորիդի օգնությամբ։ Այս ճանապարհով գնալու դեպքում ճանապարհին կարող եք տեսնել Կայան բերդը։

 

 

Կայան բերդը համաձայն շինարարական արձանագրությունների` կառուցվել է Հաղպատավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի կողմից 1233 թ.-ին։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի», իսկ Կայան և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են։ Ամրոցը մեր օրերում անվանում են նաև Ակնաբերդ. ամենայն հավանականությամբ Ակներ գյուղի մոտ գտնվելու համար։ 

 

4 Հաղպատ

Համալիրի՝ տարբեր ժամանակներում կառուցված և տարաբնույթ շինությունները կազմել են ամբողջական, ներդաշնակ, ասիմետրիկ, բայց հավասարակշիռ մի հորինվածք, որի բաղկացուցիչ յուրաքանչյուր տարրը և մանրամասները համահունչ են միմյանց և շրջակա բնությանը: Վանքի ընդհանուր համայնապատկերում առանցքային և գերիշխող դիրք է գրավում Սուրբ Նշան եկեղեցին (976-991), որին կից աստիճանաբար ձևավորվել է համալիրի կորիզը կազմող հուշարձանախումբը: Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպի խաչագմբեթ ենթատիպին՝ արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով և անկյուններում տեղադրված երկհարկ ավանդատներով: Մուտքեր ունի հյուսիսային և արևմտյան կողմերից:

 

 

Հաղպատից վերադառնալու ճանապարհին կարող եք այցելել Քոբայր։

 

5 Քոբայր

Այս մենաստանը հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին[4]: Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների` Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների գործունեւթյան հետ: Մատենագրական հիշատակություններից (Վարդան Արևելցի և ուրիշներ) երևում է, որ Քոբայրի վանական համալիրի (որպես մենաստանի) կառույցների ընդարձակումը սկսվում է 12-րդ դարի վերջից 13-րդ դարի սկզբին, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին: Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները։

 

 

Հետո կարող եք բարձրանալ Հոռոմայր ՝ Սուրբ Նշան եկեղեցի։ Արձանագրությունների համաձայն վերին և ստորին շինությունները կառուցվել են 12-րդ և 13-րդ դարերում: Հոռոմայրի առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում։ Առաջին խմբի զլխավոր Սբ. Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187 թ-ին, բազալտե սրբատաշ քարից։ Միակ՝ հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է։ Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290 թ-ին։ Սբ. Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ՝ նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201 թ-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։ Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301 թ), որից քիչ հեռու, պահպանվել են Սբ. Առաքյալ մատուռի (1216 թ) ավերակները։ Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է՝ 13-րդ դարի խաչքարերով ու տապանաքարերով։ Սարահարթի կառույցների խմբում են՝ երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206 թ) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը։

 

 

Եթե ակտիվ հանգստի սիրահար եք՝ Ձեր ուղին կարող եք ամփոփել Դեբեդ գետում ռաֆթինգով։ Ռաֆթինգը Հայաստանում նոր, բայց արագ զարգացող էքստերմալ մարզաձևերից է: Ռաֆթինգը նավարկություն է գետի վրա՝ հատուկ փչովի ռետինե նավակով: Նավակներն ունեն հատուկ թիակներ, որոնք օգտագործվում են շարժվելու ու ուղղությունը կառավարելու համար: