Ուղևորություն դեպի Տավուշ

Մենք, ինչպես և բոլորը, ամբողջ շաբաթվա ընթացքում մտածում ենք միայն հանգստյան օրերի մասին :)

Սակայն արդեն 3-րդ շաբաթն է, որ մտածելուց բացի, նաև օգտակար նյութ ենք ստանում մեր գլխում անվերջ պտտվող տեսարժան վայրերից ու ուղղություններից։ Հետևեք մեզ և ամեն շաբաթ այլևս կարիք չեք ունենա մտածելու, թե ինչպես անցկացնել հանգստյան օրերը՝ փոքր, բայց իսկապես բազմազան Հայաստանում։

Այս շաբաթ ուղևորվում ենք հեքիաթային Տավուշ։ Պահպանեք քարտեզն ու գնացեք տեսարժան վայրերը վայելելու։

 

Երկիր՝ Հայաստան

 

Քարտեզ՝

Հեռավորություն՝ 270 կմ

 

Ուղևորության տևողությունը՝ 1 օր

 

Հագուստ՝ Արևային ակնոց, գլխարկ

 

Խորհուրդներ՝ Մոծակների ընթրիքը չդառնալու համար քեմփինգի վայրերում խորհուրդ է տրվում օգտագործել մոծակներից պաշտպանող միջոցներ, դե իսկ արևապաշտպան կրեմը ոչ ոք չի չեղարկել, այն էլ արևոտ Հայաստանում։

 

Անվտանգություն՝  Բարձր խոտերի մեջ կարող են լինել օձեր, եղե՛ք ուշադիր։ 

 

Այցելության լավագույն ժամանակահատվածը՝ մայիսի 1- հոկտեմբերի 31

 

Ձեր փոքրիկ ճամփորդությունը խորհուրդ ենք տալիս սկսել առավոտյան 9-ին։ Երևանից դուրս գալով կարող եք ուղևորվել Տավուշ՝ Դիլիջան ազգային պարկ։

 

 

Կարծում ենք ճանապարհին չեք կարողանա անտարբեր անցնել Ծովագյուղ ֆուդ կորտի կողքով, սակայն եթե սիրում եք ճաշել ավելի հետաքրքիր պայմաններում, ապա դիմացեք ու սպասեք Դիլիջան հասնելուն, որտեղ կարող եք այցելել Քարահունջ, Կճուճ, Թավա և Լոշ ռեստորաններ՝

 

 

Հետո արդեն լա՜վ կշտացած կարող եք գնալ Old Dilijan Complex Tufenkian, հիանալ գեղեցիկ տներով ու շարունակել ճանապարհը դեպի Պարզ լիճ։

Եթե ունեք 2 օր ժամանակ , ապա գիշերակացը կարող եք կազմակերպել  այստեղ գտնվող հյուրատներից մեկում։

 

1 Պարզ լիճ

 

Պարզ լիճը Դիլիջանի ամենաայցելվող տեսարժան վայրերից մեկն է։ Այն գտնվում է Դիլիջան քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա։ Կարող եք զբոսնել , նավարկել փոքրիկ նավակներով, օգտվել ջրի վրա գործող լաստանավ-ռեստորանից, իսկ եթե ակտիվ հանգստի սիրահար եք՝ կարող եք թռչել զիփ-լայնով։ Պարզ լճի անտառային ճանապարհին կից տարածքում կարող եք նաև պիկնիկ կազմակերպել։

Հետո կարող եք ուղևորվել Հաղարծին վանական համալիր։

 

2 Հաղարծին

 

X-XIII Հաղարծին վանական համալիրը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 18 կմ հեռավորության վրա։ Ըստ ավանդության վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վերևում, ինչն էլ առիթ հանդիսացավ անվանել սրբատեղին խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է «խաղ»): Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը։

Եթե պիկնիկի սիրահար չեք, ապա կարող եք հանգստանալ դեպի վանք տանող անտառային ճանապարհին գտնվող տաղավարներում և շարունակել ճանապարհը դեպի Գոշ գյուղ, որտեղ էլ գտնվում է Գոշավանքը, որը միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից է եղել: 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։

 

 

 

3 Գոշի լիճ

Տեսանյութը՝ Wild Armenia -ից

 

Այստեղից սկսվում է իսկական էքստրիմը։ Դեպի Գոշի լիճ տանող 2․5 կիլոմետրանոց ճանապարհը խոստանում ենք, որ չեք մոռանա, հատկապես եթե անձրև լինի ու մինչև վերջին թելը ցեխոտվեք :) (եթե ուրախ քայլարշավի սիրահար չեք՝ կարող եք օգտվել Գոշավանքի տարածքում գտնվող ամենագնացների ծառայությունից) ։ Համոզված եղեք, որ տեղ հասնելուց հետո կմոռանաք բոլոր դժվարություններն ու միայն կհիանաք անկրկնելի Գոշի լճով։ Այստեղ կարող եք պիկնիկ կազմակերպել, հանգստանալ ու շարունակել ճանապարհը դեպի Աղավնավանք։ Եթե քեմփինգի սիրահար եք, ապա կարող եք մնալ գիշերակացի։

 

4 Աղավնավանք

 

Աղավնավանքը XII - XIII-րդ դարերի կիսավեր հայկական վանքային համալիր է Հայաստանի Տավուշի մարզի համանուն գյուղում։ Հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։ Գտնվում է Աղնաբաթ անտառամասում։ Եկեղեցուց մոտ 50 մետր հեռավորության վրա, գետափին, ծառերով շրջապատված տարածքում կան տաղավարներ, որտեղ կարող եք սնվել և հանգստանալ։

Եթե ունեք ժամանակ և ցանկանում եք գիշերել՝ կարող եք գիշերակացը անցկացնել   Kalavan  հյուրատանը: Այստեղ կարող եք զբաղվել նաև Ձիավարությամբ և ունենալ ջիպ տուր։

Ճանապարհը կարող եք շարունակել դեպի Ճամբարակ և հետո Շորժա` WishUp լողափ, որտեղ կարող եք հիանալ Կապուտակ Սևանով ու լողալ: Շորժայում նույնպես կան քեմփինգի համար նախատեսված վայրեր։ Ցանկության դեպքում վերադարձին կարող եք այցելել Սևանավանք։