Երկօրյա ուղևորություն․ Զանգեզուր

Մոտակա հանգստյան օրերը լավագույն ժամանակահատվածն է Զանգեզուր այցելության համար, պատրաստեք իրերն ու գնացինք :)

 

Երկիր՝ Հայաստան

 

Քարտեզ՝ 

 

Երթուղու երկարություն՝ 500 կմ

 

Ուղևորության տևողությունը՝ 2 օր

 

Խորհուրդներ՝ հերթերից խուսափելու համար Տաթևի ճոպանուղու տոմսերը խորհուրդ է տրվում նախապես ամրագրել ։

 

Անվտանգություն՝ Տաթևի մեծ անապատ քայլելիս (1 կմ) զգույշ եղեք օձերից և վայրի կենդանիներից։

 

Այցելության լավագույն ժամանակահատված՝ ապրիլի 15-ից հոկտեմբերի 15

 

Ուղևորությունը կարող եք սկսել առավոտյան ժամը 8-ին։ Սարավանի ոլորաններով անցնելով  Զանգեզուրի դարպասները՝ Ձեզ կդիմավորի գեղեցիկ Սպանդարյանի ջրամբարը։ 

 

 

Հետո արդեն կարող եք ուղևորվել դեպի Զորաց Քարեր։

 

1 Զորաց Քարեր

 

Զորաց քարերը մեգալիթյան հուշարձան է, գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Հուշարձանը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիր է, տեղավորված ավելի քան 3 հեկտար տարածության վրա: Բոլոր քարերը բազալտից են, մի մասի վրա կան անցքեր: Հուշարձանի և հարակից տարածքի նախնական ուսոումնասիրությունը թույլ է տալիս հիմնավորել, որ Զորաց քարերը եզակի պատմամշակութային հնավայր են: Հիմնական կառույցի կենտրոնում առկա է քարարկղային դամբարան, որի դամբանախուցը հնում թալանվել է: Խցի հատակին պահպանված խեցու բեկորները վկայում են, որ կառույցը վերաբերում է մ.թ.ա. XV-XIV դդ.: Դեռևս 1931թ. հուշարձանի տարածքում ուղղահայաց կանգնած հսկայական քարերից մեկի տակ, պատահաբար, բացվել և ավերվել է դամբարան, որից հայտնաբերված նյութերի մի մասը մուտք են գործել Հայաստանի պատմության թանգարան: Ըստ պահպանված այդ գտածոների ավերված դամբարանը  թվագրվում է մ.թ.ա. II հազարամյակի I քառորդով:  Կա նաև վարկած, որ Զորաց Քարեր համալիրը կառուցվել է մ.թ.ա. VI հազարամյակում և ծառայել է որպես աստղադիտարան: Կոթողներից շատերում արված են անցքեր, որոնք ճշգրտորեն համապատասխանում են երկնքում աստղերի դասավորվածությանը այդ դարաշրջանում:

Այս առեղցվածային հուշարձանը այցելելուց հետո արդեն կարող եք ուղևորվել դեպի Տաթև։

 

2 Տաթև

Տաթևի վանական համալիր կարող եք հասնել ճոպանուղիով կամ նոր կառուցված, գեղեցիկ ճանապարհով։

 

 

 

Տաթևի վանքը կառուցվել է միջնադարում Որոտան գետի աջ ափին նույնանուն Տաթև գյուղից ոչ հեռու: Վանքը Երևանից հեռու է 315 կմ, իսկ Գորիս քաղաքից՝ 30 կմ:Կառուցվելով IX-XIII դդ., այն նվիրված է եղել Ս.Եվստաթեոսին: Այս սուրբը Թադևոս առաքյաի աշակերտն է եղել և նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սկզբում վանական համալիրն իրենից ներկայացնում էր ընդամենը մեկ եկեղեցի, որը կառուցվել էր IХ դարում: Այդ ժամանակ այնտեղ ընդամենը մի քանի վանական էր ապրում: XIII դարում Տաթևը դարձավ Սյունիքի եպիսկոպոսների նստավայրը: XIII դարի վերջից XV դարի կեսերը այստեղ նաև գործել է Տաթևի համալսարանը, որը միջնադարյան գիտության և փիլիսոփայության զարգացման կենտրոններից էր: Վանքի գլխավոր տեսարժան վայրը Գավազան ճոճվող սյունաշարն է: 8 մ բարձրությամբ քարե սյունը զարդարված է խաչքարով և կարող է ինքնուրույն թեքվել և վերադառնալ նախնական դրության: 

Հետո արդեն Սատանի Կամուրջով կարող եք ուղևորվել Տաթևի մեծ անապատ։

 

3 Տաթևի մեծ անապատ

Տաթևի մեծ անապատը վանականները հիմնել են այն 608-1613 թթ.: 1658 թվականին սարսափելի երկրաշարժը ստիպեց ճգնավորներին լքել բնակավայրը և կառուցել նորը՝ Հարանցից մի քանի կիլոմետր հեռու՝ Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրը։ Այն շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։ Անապատի հարավարևմտյան մասում սրբատաշ բազալտից շինված Ս. Աստվածածին եռանավ բազիլիկն է (1663 թ.), որին արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743 թ.-ին), հյուսիսից՝ գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը (որտեղ հավանաբար թաղված է 1669 թ.-ին մահացած անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը)։ Եկեղեցուց արևելք գտնվում են աղբյուրը և այժմ կիսաքանդ շենքերը, դեպի հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։

 

Գիշերակացը կարող եք կազմակերպել Տաթևի հյուրատներից մեկում կամ շարունակել ճանապարհը , գնալ Գորիս և գիշերել Գորիսի Mirhav, Asour կամ Christy հյուրանոցներից մեկում, Գորիսում կարող եք այցելել նաև Takarik, Arpi կամ Wine Garden ՝ սնվելու և հանգստանալու։

 

2-րդ օր

 

4 Խնձորեսկ

2-րդ օրը կարող եք սկսել գեղատեսիլ Խնձորեսկ այցելությամբ։

 

Խնձորեսկի կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով» Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա։ Խնձորեսկից հետո ճանապարհը կարող եք շարունակել դեպի Շաքիի ջրվեժ։

 

 

5 Շաքիի ջրվեժ

 

Շաքիի ջրվեժը բնության ջրաերկրաբանական հուշարձաններից մեկն է: Գտնվում է Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Ջրի հիմնական մասն օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում։ Ձորափի այն լանջին, որտեղ գտնվում է Շաքիի ջրվեժը, կարող եք տեսնել բազմաթիվ պուրակներ և քարանձավներ: Նախնադարյան ժամանակաշրջանների բնակավայրը և քարե զանազան գործիքներ այստեղ հայտնաբերվել են հնագիտական հետազոտությունների ընթացքում: Ըստ մասնագետների, այս տարածքում քաղաքակրթության զարգացումը անհավատալիորեն արագ էր ընթանում:

Շաքիից 3 կմ հեռավորության վրա գտնվում է Սիսիան քաղաքը , որտեղ ժամանակ ունենալու դեպքում կարող եք կազմակերպել երկրորդ գիշերակացը։ Այստեղ է գտնվում Basen հյուրանոցը, որտեղից կարող եք ամենագնաց վարձել, որն էլ կտանի Ձեզ Ուխտասար լիճ։ 

 

 

Ուխտասարի անվան առաջացման երկու վարկած կա։ Ոմանք ասում են, որ այս վայրն անվանել են Ուղտասար՝ տեղանքը սապատավոր ուղտի նմանեցնելու պատճառով։ Մեկ այլ վարկածով էլ պատմում են, որ ժամանակին լեռան լանջին ուխտավորները զոհաբերել են իրենց որսը, ապա այն պատկերել քարերի վրա, իսկ նախքան զոհաբերության արարողությունը երկար և դժվարին ճանապարհ անցել, մինչև զոհ մատուցելը՝ մարմնով մաքրվել Ուխտասարի լճերում, այդ պատճառով անվանել են Ուխտասար։ Ուխտասար հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ՝ ցրված լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում։ Դրանք Սյունիքի հնագույն հուշարձաններից են։ Ժայռապատկերների մեծ մասը փորագրված է պղնձագույն և սև ժայռաբեկորների հորիզոնական կամ ուղղաձիգ հարթ մակերևույթներին՝ 2-6 սմ խորության, 2-20 մմ լայնության խորագծերով։ Ժայռապատկերների բովանդակությունը բազմազան է. դրանցում տեղ են գտել որսորդությանը, մարդուն շրջապատող բնաշխարհին, հմայական արարողություններին, տիեզերական պատկերացումներին, հատկապես արևի պաշտամունքին աղերսվող տեսարաններ։ Ուղտասարում ամենահին ժայռապատկերները վերաբերում են մ.թ.ա. V-IV հազարամյակներին։