Քանի դեռ հնարավորություն չկա երկից դուրս ճամփորդելու, սուր զգացողությունների և չոր տեղերում քնելու սիրահարներին առաջարկում ենք գնալ վրանային հանգստի (քեմփինգի)։ Դե իսկ մինչ գնալը պետք է հաշվի առնել որոշ մանրուքներ և լինել թե՛ հոգեպես, թե՛ տեխնիկապես պատրաստված։
Քեմփինգը բացօթյա ճամբորդության սիրահարների համար պարզապես իդեալական տարբերակ է: Այն օգնում է հանգստանալ քաղաքային աղմուկից, խնդիրներից և ամենօրյա շտապողականությունից: Նման ճանապարհորդների համար կան հատուկ ճամբարներ, որտեղ կան տեղեր վրանների համար կամ պատրաստի վրաններ: Հաճախ վրանային ճամբարները տեղակայված են անտառի, լճի, ծովի կամ այլ գեղատեսիլ տարածքում: Կան նաև վայրի քեմփինգի սիրահարներ, ովքեր ճամբարների փոխարեն գիշերակացը կազմակերպում են բնության գրկում, ցանկացած հարմար տեղ։
Հայաստանում վրանային հանգստի խորհուրդ ենք տալիս գնալ միայն ապրիլ ամսից մինչև հոկտեմբեր, սակայն հաշվի առեք, որ հուլիս և օգոստոս ամիսներին շատ շոգ է, այդ պատճառով նախընտրելի է քեմփինգ կազմակերպել ծովից 3000 մ․ և ավելի բարձրություններում։
Առավելություններ
- Եթե ձեր բյուջեն սահմանափակ է, ապա քեմփինգը հիանալի լուծում է: Վրանային հանգստի 1 օրը կարժենա մի քանի անգամ ավելի քիչ, քան ոչ այնքան թանկ հյուրանոցում գտնվող սենյակը:
- Արշավային արձակուրդներն, անկասկած, դրական ազդեցություն կունենան ձեր առողջության վրա:
- Հիմա երեխաները հաճախ չեն խաղում դրսում, ի տարբերություն նախորդ սերունդների: Վրանային հանգստի ժամանակ ձեր երեխաները կկարողանան ընկերանալ այլ երեխաների հետ և վայելել բացօթյա խաղեր:
- Ճամփորդը կախված չէ վայրից և ժամից: Ցանկացած պահի կարող եք վրան խփել լճի կամ անտառի մոտակայքում:
- Մաքուր օդ և կապ բնության հետ, խաղաղություն ու նյարդերի թուլացում:
Թերություններ
- Կան մարդիկ ում դուր չի գալիս բնության գիշերային ձայները և խանգարում է քնել։
- Վրանային պայմաններում մոռացեք տաք ցնցուղի և մաքուր զուգարանի մասին։
- Եղանակային պայմանների անսպասելի վատթարացման դեպքում գիշերը կարող է վերածվել մղձավանջի։
Անհրաժեշտ պարագաներ
- Բոլորի անձնական իրերը ՝ գումար, տեսախցիկ։
- Անձնական հիգիենայի միջոցներ։
- Վրան, քնապարկ, ջրակայուն հագուստ, լապտերներ՝ գլխի և ձեռքի, արևային ակնոցներ, կացին, դանակ, կրակայրիչ, սպասք և այլ խոհանոցային պարագաներ:
- Սնունդ, եթե ճանապարհին չեք կարողանալու գնել։
- Ջուր։
- Հագուստ տարբեր եղանակների համար։
- Արևապաշտպան և միջատապաշտպան միջոցներ։
- Դեղատուփ։
Քեմփինգի համար լավագույն վայրերը Հայաստանում
Եթե ցանկանում եք գիշերակացը անցկացնել վրանային ճամբարում ՝ դրանցից լավագույններն են՝ Crossway camping, Camping 3 Gs, Forrest HUB, Artavan Campsite, Camp’in Goris, Tourism Unique Center, Khustup Basecamp, Wishup Shore, ARK Armenia Kapan Camp, Kanchaqar Camping:
Հայաստանում նաև թույլատրվում է վայրի քեմփինգը, որը այստեղ շատ անվտանգ է։ Եթե սկսնակ ճանապարհորդ եք՝ նախընտրելի է առաջին գիշերակացը անցկացնեք վրանային ճամբարում, սակայն պետք չէ վախենալ նաև վայրի քեմփինգից, միայն պետք է հետևեք մի քանի կանոնների՝
- Սեփական տարածքներում վրան մի՛ խփեք։
- Նախապես ջրային տարածքին մոտ փոս փորե՛ք՝ կարիքները հոգալու համար, որը վերադառնալիս պետք է ծածկեք հողով։
- Վերադառնալուց առաջ ամբողջությամբ հանգցրեք խարույկը։
- Վերադառնալիս ձեզ հետ վերցրեք ամեն ինչ (աղբի տեղը աղբավայրերում է)։