Ինչպես ճանապարհորդել երեխաների հետ

Ինչպես ճանապարհորդել երեխաների հետ

Երբեք չմտածեք, որ երեխայի հետ հանգիստը այնպիսին է լինելու ինչպիսին նրա ծնունդից առաջ էր։ Որքան շուտ գիտակցեք այս փաստը, այնքան հեշտ կլինի փոփոխություններին ադապտացումը։ Այո՛, երեխաների հետ ճանապարհորդելը այնքան էլ հեշտ չի, սակայն դեմ գնալով բոլոր դժվարություններին՝ երեխային միշտ տարեք Ձեզ հետ հանգստի, քանի որ ոչ մի նախակրթարան այնքան գիտելիք ու զարգացում չի ապահովի, որքան նոր վայրերի, մարդկանց ու իրերի ուսումնասիրությունն է։ Պարզապես հետևեք այս կանոններին անհարմարություններից խուսափելու համար։

 

Ժամանակի պլանավորում

Երեխաների հետ հանգստի ժամանակ դժվար թե հնարավորություն ունենաք լողափում գիրք կարդալու կամ զովացուցիչ կոկտեյլը դանդաղ վայելելու։ Դժվար թե կարողանաք տարածաշրջանի բոլոր թանգարաններն ու տեսարժան վայրերը այցելել։ Այս պատճառով նախընտրելի է նախապես կազմել ցանկ, որտեղ կնշվեն այցելության համար բոլոր պարտադիր վայրերն ու կարևոր գնումների ցանկը։

 

Ճանապարհորդության ընկալում

Երեխայի հետ ճանապարհորդելիս երեխայի մոտ մի ստեղծեք տպավորություն, թե ճանապարհորդելը ժամանակավոր անհարմարություն է: Մի ասեք, որ տուն վերադառնալուց հետո ամեն ինչ լավ կլինի, կամ մնում է դիմանալ միայն մեկ օր․ նա միայն կսպասի, որ ճանապարհորդությունը ավարտվի և դուք տանը լինեք: Փոխարենը օգնեք նրան ադապտացվել բոլոր դժվարություններին՝ եղանակային ու ժամային տարբերություններին, տեղափոխման անհարմարություններին, կարոտին և այլն։ Նախընտրելի է նաև ճանապարհորդության գնալուց առաջ նախապատրաստել երեխային՝ պատմելով, թե որտեղ եք անցկացնելու հանգիստը, ինչ նորություններ է լինելու և որքան լավ ժամանակ եք անցկացնելու։

 

Անհրաժեշտ իրեր

Երբեք չեք կարող համոզված լինել, թե որ իրերը անհրաժեշտ կլինեն, իսկ որոնք՝ ոչ։ Այդ պատճառով կազմեք նախապես ամենաանհրաժեշտ իրերի ցանկը և հետո միայն ավելացրեք այն իրերը, որոնք կասկածում եք՝ անհրաժեշտ կլինի, թե ոչ։ Նաև միշտ ունեցեք պահուստային գումար՝ վատ անակնկալներից խուսափելու և այդ պահին անհրաժեշտ, սակայն բացակա իրը գնելու համար։ Նաև չմոռանաք դեղատուփը երեխային անհրաժեշտ դեղերով համալրելու մասին։

 

Սնունդ

Անգամ եթե մտածում եք, որ թռիչքը ընդամենը 2 ժամ է տևելու և կարիք չկա շատ սնունդ վերցնելու՝ միևնույն է ունեցեք Ձեզ հետ բավականաչափ քանակություն։ Նաև հաշվի առեք, որ երեխաներ ունեցող ուղևորներին սննդի քանակի սահմանափակման մասին օրենքը չի վերաբերվում։ Հանգստօի ժամանակ էլ փորձեք սննդի ռեժիմը չխախտել և զգուշությամբ ծանոթացրեք նոր սննդատեսակներին։ 

 

Խաղալիքներ

Եթե ցանկանում եք, որ երեխան շատ չկարոտի տունը, ապա լավագույն տարբերակը նրա խաղալիքներից մի քանիսը վերցնելն է։ Շատ լավ կլինի նաև Ձեզ հետ վերցնել տան մասին հիշեցնող որևէ իր։ Օրինակ՝ սիրելի ծածկոցը։ Համոզված ենք, որ այս դեպքում առավելագույնս կխուսափեք դրամայից :)

 

Օգնություն

Ցանկացած բարդ իրավիճակում օգնություն խնդրեք։ Հատկապես, եթե ճանապարհորդում եք մինչև 3 տարեկան երեխայի հետ, ապա կան շատ առավելություններ նախատեսված փոքրիկ երեխաներով ճանապարհորդների համար, օրինակ առանց հերթ սպասարկումը։ Եթե առաջացել է խնդիր, որը չեք կարողանում լուծել՝ առանց վարանելու դիմեք անգամ անծանոթներին և խնդրեք օգնել Ձեզ, քանի որ երեխայի անվտանգությունը առաջին տեղում է։

 

Խաղաղություն

Միշտ հիշե՛ք, երեխաները իրենց լավ կզգան ցանկացած տեղում, եթե իրենց ծնողները կարողանան ստեղծել խաղաղ միջավայր։ Փորձե՛ք շատ չանհանգստանալ, չվիճել , չլարվել և լինել խաղաղ։ Նախապես տրամադրվեք, որ հիանալի ժամանակ եք անցկացնելու և փորձեք ամբողջ ճամբորդական խառնաշփոթի ընթացքում գոնե մի փոքր հանգստանալ :)