Մեկօրյա ուղևորության ուղեցույց։ Աժդահակի խառնարանային լիճ

Եթե քայլարշավների ու արտաճանապարհային ուղևորությւնների սիրահար եք՝ հավաքեք իրերը: Մոտակա հանգստյան օրերը անցկացնելու համար հիանալի վայր ենք առաջարկելու :)

 

Երկիր՝ Հայաստան

 

Քարտեզ՝

 

 

Հեռավորություն՝ Երևան-Գեղարդ՝ 51 կմ, Գեղարդ-Պայտասար-Վանք լիճ-Գեղարդ՝30 կմ, քայլարշավ՝ 11 կմ

 

Անհրաժեշտ իրեր՝ ուսապարկ, ձեռնափայտ, 1 օրվա սնունդ և ջուր, դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր, հաստ տակացուով կոշիկներ (նախընտրելի է ջրակայուն), արևապաշտպան միջոցներ։

 

 

 

Ուղևորության տևողությունը՝ 1 օր

 

Անվտանգություն՝ ճանապարհին մեծամասմբ հեռախոսակապ և ինտերնետ չկա, այդ պատճառով խորհուրդ է տրվում նախապես տեղեկացնել Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի ֆեդերացիային Ձեր ուղևորության մասին զանգահարելով՝ +374 94 911 201 (Սուրեն)։

 

Այցելության լավագույն ժամանակահատված՝ հունիսի 15-ից սեպտեմբերի 15

 

1 Աժդահակի խառնարանային լիճ

Ճանապարհը կարող եք սկսել առավոտյան ժամը 6։00-ին՝ ուղևորվելով Գեղարդ գյուղ, որտեղից ամենագնացով կարող եք ուղևորվել Պայտասար։ Այստեղից ճանապարհը կկարողանաք շարունակել միայն քայլարշավով և բարձրանալ Աժդահակ։ 

 

 

 

Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Բացարձակ բարձրությունը 3597,3 մ է, հարաբերականը՝ մինչև 400 մ։ Գագաթին կից՝ հյուսիսարևմտյան կողմում կա խառնարան՝ լցված ջրով։ Գոյացել է հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ 

Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն։ Լեռան գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի խառնարանում գտնվող լիճը և շրջակա լեռնաշխարհը:

1 օրից ավել ժամանակ ունենալու դեպքում կարող եք այցելել նաև Ակնա լիճ կամ Բադի լիճ և գիշերակացը անցկացնել վրաններում։

Ակնա լիճը ծովի մակերևույթից բարձր է 3030 մետրով, լճի մակերեսը՝ 0,5 կմ²։ Սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, քաղցրահամ։

Ակնա լիճ կարող եք գնալ նաև ամենագնացով՝ Սևաբերդի ճանապարհով։

 

 

Բադի լիճը հրաբխային ծագումով խառնարանային լիճ է, ծովի մակերևույթից բարձր է 3030 մետրով։ Այստեղ կարող եք հասնել  ամենագնացով։

 

 

2 Ժայռապատկերներ

Միայն մեկ օր ժամանակ ունենալու դեպքում կարող եք վերադառնալ Պայտասար, որտեղից կարճ քայլելու ճանապարհ կա դեպի Գեղամա լեռների ժայռապատկերներ։ Այս ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազ և ավելի վաղ ժամանակներով։ Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփոխ են մնացել։ Դրանց անվանում են նաև պետրոգլիֆներ։ Ժայռերի ու քարերի վրա բնիկների թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։  Այստեղ հատկապես շատ են բեզոարյան այծի տեսքով ժայռապատկերները, որոնք տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների խորհրդանիշ։

 

 

Հետո ճանապարհը կարող եք շարունակել դեպի վիշապաքարեր

 

 

3 Վիշապաքարեր

 

Վիշապաքարերը ներկայիս Հայաստանի և հարակից շրջանների (Ջավախք/Թռեղք, Նախիջևան, Էրզրում/Կարս) բարձրադիր արոտավայրերում հայտնաբերված և կենդանական պատկերագրությամբ օժտված հուշարձաններ են:

Նրանց անվանումը թերևս առնչվում է տեղական ավանդույթներին, որոնցում վիշապները կարող էին կապվել լեռներում ապրող հսկաների հետ. անունը կարող էր նաև առաջանալ պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում: Այն բրոնզեդարյան երևույթ է (ամենայն հավանականությամբ գոյության հիմնական դարաշրջանը միջին բրոնզի դարն է` Ք.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսը): Այս հուշարձանների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում: