Սիրու՞մ եք քայլել, թռչել, բարձրանալ, գլորվել, ապա հավաքեք իրերը, հետևեք ուղեցույցին ու գնացինք Օկոնավանք :)
Երկիր՝ Հայաստան
Քարտեզ՝
Երթուղու երկարություն՝ 276 կմ, Լաստիվերի քայլուղի՝ 4կմ, Օկոնի քայլուղի՝ 16 կմ
Խորհուրդներ՝ այս պահին Yell Extreme Park-ում կարող եք 1 օրվա տոմսը 2 օր օգտագործել , եթե գիշերակացով մնաք։
Անվտանգություն՝ Լաստիվեր և Օկոնավանք գնալու ճանապարհին զգույշ եղեք օձերից և վայրի կենդանիներից։
Այցելության լավագույն ժամանակահատված՝ ամբողջ տարի
Ուղևորությունը կարող եք սկսել ժամը 8-ին։ Առաջին կանգառը կարող եք ունենալ Իջևանում։ Ներկայիս քաղաքի տեղում հնում գտնվել են իջևանատներ, որոնք սպասարկել են Ասորիքից ու Դվինից դեպի Պարտավ և Հյուսիսային Կովկաս գնացող առևտրական տարանցիկ ճանապարհը։ Պարսկական տիրապետության շրջանում այդ վայրը կոչվել է Իստիբուլաղ (պարսկերեն բառացի՝ «տաք աղբյուր»)։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո վերանվանվել է Իջևան։
Իջևան քաղաք հասնելով կարող եք այցելել տեղային կոլորիտային շուկա, գնել հայկական ավանդական սնունդ և շարունակել ճանապարհը։ Եթե ունեք ժամանակ՝ գիշերակացը կարող եք կազմակերպել Իջևանում գտնվող հյուրանոցներից մեկում, օրինակ՝ Կամարում, Անահիտում կամ Մայիսյան Կամուրջում։ Իջևանից ճանապարհը կարող եք շարունակել դեպի Ենոքավան։
1 Yell Extreme Park
Yell Extreme Park-ը հիանալի վայր է նրանց համար, ովքեր սիրում են արկածներ, բնություն, ակտիվ հանգիստ: Այստեղ մեկ վայրում միավորվում են մի շարք սիրված արկածներ՝ թռիչքներ զիփլայնով և պարապլանով, պարանների այգի, վիա ֆերրատա՝ այլ կերպ ասած հորիզոնական ժայռամագլցում, զորբինգ, փեյնթբոլ, ձիով արշավներ և արտաճանապարհային երթևեկության տուր ամենագնացով:
Մոտակայքում է գտնվում նաև Apaga Resort-ը, որտեղ կարող եք գիշերակաց կազմակերպել։ Հետո արդեն կարող եք սկսել քայլարշավը դեպի Լաստիվեր։
2 Լաստիվեր
Լաստիվերը գտնվում է Ենոքավանից 3 կմ հեռավորության վրա, Խաչաղբյուր գետի կիրճում։ Այստեղ կան խիտ անտառներով շրջապատված, բազմադարյա քարանձավներ, ջրվեժ և ծառերի վրա կառուցված յուրօրինակ խրճիթներնու տնակներ: Քարանձավները տեղակայված են հսկայական կիրճի եզրին, և այստեղ բարձրանալու համար մարդիկ գերաններից աստիճան են կառուցել։ Այստեղ կարող եք գալ նաև ձմռանը, հիանալ գեղեցիկ տեսարանով և աշխատակիցներին նախապես զգուշացնելու դեպքում նաև գիշերակացը անցկացնել տնակում կամ քարանձավում։ Քարանձավի սենյակների պատերին ոմն նկարիչ թողել է գեղեցիկ խորաքանդակ: Կարելի է նկատել, որ այն պատկերում է հարսանիք: Հեղինակը ստեղծում էր այդ գլուխգործոցները քարանձավում ճգնավորի կյանքով ապրելու ժամանակ: Այդ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով:
Լաստիվերի գեղեցիկ տեսարանով հիանալուց հետո կարող եք շարունակել ճանապարհը դեպի Օկոնավանք։
3 Օկոնավանք
Օկոնովանքը գտնվում է Խաչաղբյուրի կիրճի վերին հոսանքում, Օկոն գյուղում: Օկոնավանք տանող արահետը շատ գեղեցիկ է հատկապես աշնանը: Երթուղին անցնում է անտառներով, ձորերով ու նեղ ժայռերի տակով: Օկոն գյուղում են գտնվում նաև մի քանի լքված խրճիթներ, որոնք ամռանը օգտագործվում են հովիվների համար, որպես սարատեղի։