Մեկօրյա ուղեցույց դեպի Դենդրոպարկ ու Օձուն

Մեկօրյա ուղեցույց դեպի Դենդրոպարկ ու Օձուն

Լոռին այնքան հիասքանչ է, որ որշեցինք Ձեր կողմից արդեն սիրված ուղեցույցներում ներառել ևս մի ուղղություն։

Սաղարթախիտ անտառների շնորհիվ օդը ունի հիանալի մաքրություն և ուղևորությունը միանշանակ կնպաստի Ձեր առողջությանը։ Չմոռանանք, իհարկե, նաև հիանալի տեսարանների մասին :)

 

Երկիր՝ Հայաստան

 

Քարտեզ՝ 

 

Երթուղու երկարություն՝ 370 կմ

 

Խորհուրդներ՝ օգտագործեք արևապաշտպան միջոցներ, կրեք գլխարկ և արևային ակնոցներ

 

Այցելության լավագույն ժամանակահատված՝ ամբողջ տարի

 

Ուղևորությունը կարող եք սկսել առավոտյան ժամը 8։00՝ ուղևորվելով Գյուլագարակով դեպի Դենդրոպարկ։

 

1 Դենդրոպարկ

 

Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ 35 հեկտար տարածքում տեղակայված է անտառային այգի, որից 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։ Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։  Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։ Դենդրոպարկում Հատուկ արժեք ունեն կալիֆորնիական սեքվոյաները։ Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։ Զբոսաշրջիկների մեծ հոսքը դենդրոպարկ նախեւառաջ պայմանավորված է փշատերեւ ծառերի փոշոտման սեզոնով, երբ այստեղի օդը հատկապես օգտակար է շնչառական խնդիրներ ունեցողների համար: Այգին ածխատում է առավոտյան 10-ից երեկոյան 7-ը։ Այս տարածքում կան նաև հյուրատներ, որտեղ կարող եք կազմակերպել գիշերակացը։ Դրանցից են Լոռի հյուրանոցը, Անահիտ հանգստյան տունը և Լոռի-Բերդ քոթեջները։

Այս գեղեցիկ այգիով հիանալուց հետո ճանապարհը կարող եք շարունակել դեպի Սբ․ Նիկոլայ եկեղեցի։

 

 

 

2 Սբ․ Նիկոլայ Եկեղեցի

 

Սուրբ Նիկոլայ Հրաշագործը ռուս-ուղղափառ եկեղեցի է ՀՀ Լոռու մարզի Ամրակից գյուղում։ Կառուցվել է 1848 թ. ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ Գործել է մինչև 1988 թ.։ Զգալիորեն վնասվել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ 2009 թվականին այստեղ գտնվող բոլոր սրբապատկերները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի, սակայն մինչ օրս էլ այս եկեղեցին բազմաթիվ այցելուներ ունի իր յուրահատուկ տեսքի համար, ովքեր էլ մուտքի մոտ թողնում են սրբապատկերներ ու մատաղ անում։

Սուրբ Նիկոլայ եկեղեցին տեսնելուց հետո կարող եք ուղևորվել ստեփանավանով դեպի Լոռի Բերդ։

 

3 Լոռի Բերդ

 

Լոռի Բերդը միջնադարյան անառիկ ամրոց է ՝ Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա։ Խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը։ Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից, ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիսարևմտյան անկյունում է գտնվում բերդի միակ մուտքը։ Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20 մ, բարձրությունը՝ 20-25 մ։ Պարսպի երկարությամբ փորվել է ջրի խանդակ։ Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել։ Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ։ Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր։ Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով։ Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար։

 

 

 

Հետո ճանապարհը կարող եք շարունակել դեպի Սբ․ Հովհաննես եկեղեցի։

 

4 Սբ․ Հովհաննես Եկեղեցի

 

Արդվիի Սուրբ Հովհաննես վանքը գտնվում է Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին։ Բաղկացած է միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներից, զանգակատնից, վանական շինություններից։ 13-րդ դարում եկեղեցու արևմտյան ճակատին կամարակապ մեծ բացվածքով սրահ են կցել։ 17-րդ դարում եկեղեցիներից հարավ կառուցել են առանձին կանգնած զանգակատուն։ Վանքի պարսպապատ տարածքում գտնվում են խցերի և տնտեսական շենքերի ավերակները, համալիրից արևմուտք միջնադարյան գերեզմանոցն է՝ գեղաքանդակ խաչքարերով։ 

Եկեղեցի այցելելուց հետո ճանապարհը կարող եք շարունակել դեպի չքնաղ Օձուն, որտեղ տանող ճանապարհը իսկապես անկրկնելի գեղեցկություն ունի։

 

5 Օձուն

 

Օձուն գյուղը գտնվում է Դեբեդ գետի ձախ կողմում՝ ծովի մակերևույթից 1125 մ բարձրության վրա։ Օձունի տարածքը հարուստ է պատմաճարտարապետական տարբեր հուշարձաններով՝ եկեղեցիներ, վանական համալիրներ, մատուռներ, կոթողներ, խաչքարեր, ժայռափոր անձավներ, հին բնակատեղիներ, ժողովրդական ճարտարապետության նմուշներ։ Դրանցից առանձնանում է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից՝ Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին։ Այն գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում։ Արևելքից արևմուտք ձգված ուղանկյուն հատակագծով գմբեթավոր բազիլիկ է (20,71×31,62 մ արտաքին չափերով)՝ կիսաշրջանաձև խորանին կից երկհարկ ավանդատներով, արտաքին կամարաշար սրահով։

Օձունում նույնպես գիշերակացի հնարավորություն ունեք ՝ ASI Guest houseParvana Guest hauseOdzun Guest House հյուրատներից մեկում։