Երկօրյա ուղևորություն դեպի Եղեգիս

Երկօրյա ուղևորություն դեպի Եղեգիս

Հանգստյան օրերը մոտենում են ։ Քանի դեռ հնարավորություն չունենք արտերկրում հանգստանալու, առաջարկում ենք փոքրիկ ճամփորդություն կազմակեպել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մի քանիսում։

Պատրաստել ենք երկօրյա ուղևորություն դեպի կապուտակ Սևան ՝ Սելիմի Լեռնանցքով։ Այս երկու օրերի ընթացքում կհասցնեք համտեսել Արենու անուշահամ գինիները, տեսնել Նորավանքն ու Զորաց տաճարը, բարձրանալ Սմբատաբերդ, լողալ չքնաղ Սևանում ու ճանապարհին այցելել մի քանի տեսարժան վայրեր։

Երկիր՝ Հայաստան

Քարտեզ՝

 

Հեռավորություն՝ 350 կմ

 

Ուղևորության տևողությունը՝ 2 օր

 

Հագուստ՝ Արևային ակնոց,տաք հագուստ, լողազգեստ: 

 

Խորհուրդներ՝ Քեմփինգի վայրերում խորհուրդ է տրվում օգտագործել մոծակներից պաշտպանող միջոցներ։

Անվտանգություն՝  Բարձր խոտերի մեջ կարող են լինել օձեր, եղե՛ք ուշադիր։ 

Այցելության լավագույն ժամանակահատվածը՝ մայիսի 1- հոկտեմբերի 31

 

1 Արենի

Ուղևորությունը կարող եք սկսել Արենի այցելությամբ ։ Ճանապարհին կարող եք այցելել նաև 17-րդ դարի վանք-ամրոց Խոր Վիրապ։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։ Խոր Վիրապից բացվում է հիասքանչ տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռ։

Այնուհետև կարող եք շարունակել ճանապարհը դեպի Վայոց Ձորի մարզ, այսօրվա գինեգործության կենտրոն համարվող Արենի գյուղ, ծանոթանալ գինեգործության ավանդույթներին և վայելել այս անուշահամ խմիչքի տեսակներից։ Հետո կարող եք այցելել Թռչունների քարանձավ, որտեղ գտնվել է աշխարհի ամենահին գինեգործարանը, սպասք, կենցաղային իրեր և մոտ 5500 տարեկան թվագրվող կաշվե կոշիկ:

 

 

2 Նորավանք

Ճանապարհը շարունակեք Նորավանք վանական համալիր այցելությամբ։ Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է։ Այն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դարում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դարերում։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։

 

 

Նորավանքից հետո կարող եք ուղևորվել Եղեգնաձոր՝ սնվելու և մի փոքր հանգստանալու։

 

3 Զորաց տաճար

Սելիմի լեռնանցքից թեքվելով Եղեգիսի կիրճ՝ կհասնեք Զորաց Տաճար։ Այս եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) ։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել և այստեղ են օրհնություն ստացել հայ մարտիկները պատերազմ գնալուց առաջ։

 

 

4 Իջևանատուն

Զորաց տաճարից հետո խորհուրդ ենք տալիս գիշերակացը կազմակերպել Arevi Hotel-ում, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սմբատաբերդ , կամ Հերմոն գյուղում՝ Lucy Tour հյուրանոցում։ Հնարավորություն ունեք նաև գիշերակացը անցկացնել քեմփինգի համար նախատեսված վայրերում, հարմար վայրերում կարող եք կազմակերպել նաև Wild Camping, որը Հայաստանում անվտանգ է։

 

Arevi Hotel

 

Lucy Tour

 

Օր 2

 

Առավոտյան․ 4x4 մեքենա ունենալու դեպքում կամ որպես արշավ՝ կարող եք այցելել Սմբատաբերդ (Ջաղաց Քարի բերդ) պաշտպանական համալիր։ Հետո Մետաքսի ճանապարհով շարժվեք հյուսիս, որտեղ գտնվում է Սելիմի իջևանատունը, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն։ 14-րդ դարի այս քարավանատունը ի թիվս նման մի շարք այլ շինությունների որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար: 

Հետո ոլորանները կտանեն Ձեզ դեպի չքնաղ Սևան և Մարտունի քաղաք, որտեղ կարող եք սնվել և հանգստանալ։

 

 

5 Նորատուս

Սևանի ավազանով կարող եք շարժվել դեպի Նորատուս գյուղ, որը Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ։

 

 

Հետո կարող եք այցելել Սևանի սպիտակ ափ և լողալ։ Ժամանակը բավականացնելու դեպքում կարող եք այցելել նաև Հայրավանք, իսկ հետո ուղևորվել Սևանի թերակղզի, տեսնել Սևանավանքն ու այդտեղից բացվող չքնաղ տեսարանը ։ Կարող եք վերադառնալ Սևանի ճանապարհով։